Քահանայական ձեռնադրություն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Դեկտեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Հընթացս Սբ. Պատարագի, ձեռամբ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Քահանայից լսարանի շրջանավարտ չորս սարկավագներ ստացան քահանայական ձեռնադրություն: Ձեռնադրող Սրբազան Հայրը նորընծա քահանաներին վերանվանեց հոգեւոր նոր անուններով. Նվեր սրկ. Մելքումյանը կոչվեց Տ. Ահարոն, Արկադի սրկ. Օրդոյանը` Տ. Արարատ, Ներսեհ սրկ. Սարգսյանը` Տ. Մարկոս եւ Սեւակ սրկ. Գալստյանը` Տ. Փառեն:

Ձեռնադրությունից հետո Անուշավան Սրբազանը նախ գոհություն հայտնեց, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգեւոր դասը համալրելու են գալիս չորս նորընծա քահանաներ, ապա դիմելով վերջիններիս` անդրադարձավ հոգեւոր հովվի առաքելությանը. «Սիրելի նորաօծ հայրեր, աստավածային Խոսքի մշակներ լինելը սոսկ բառերով չի սահմանափակվում. այն իր մեջ որքան քաղցրություն եւ ուրախություն ունի, այնքան էլ` դառնություն եւ դժվարություն: Քրիստոսի առաքյալ դառնալը միայն այս պահով չի սահմանափակվում եւ միայն օծում ստանալով չի որոշվում: Դուք ձեր ողջ կյանքի ու ծառայության ընթացքում պետք է դառնաք արժանի քարոզիչն ու մշակը, արժանի առաքյալն ու սպասավորը մեր Եկեղեցու եւ ժողովրդի»:

Սբ. Պատարագի ընթացքին խորան բարձրացան եւ նորընծա քահանաներին շնորհավորեցին նաեւ Մայր Աթոռի միաբանները:

Մայր Աթոռում իրենց քառասնօրյա պահեցողության շրջանն ավարտելուց հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ քահանա հայրերը հովվական ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում: